National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2023
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին
1 / 14

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին:

Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է  խորհրդարանական ժողովրդավարության լավագույն փորձը փոխանցելու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունը եւ այն տեղայնացնելու՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությունը:

««Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունն անցած 3 տարիների ընթացքում եղել է արգասաբեր՝ Ազգային ժողովի 7-րդ եւ 8-րդ գումարումների խորհրդարանների փոխակերպման, օրենսդրական նախաձեռնությունների որակի, թվային լուծումների, երիտասարդների ներգրավման եւ այլ հարցերում: Ծրագիրը նաեւ նպաստել է Ազգային ժողովի միջազգային փոխազդեցությունների, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանի խոսքով փոխանակումները Շվեդիայի եւ Ավստրիայի խորհրդարանների, Միջխորհրդարանական միության (IPU) եւ այլ միջազգային հարթակների հետ մնայուն արժեք են խորհրդարանականների եւ աշխատակազմի համար:

«Խորհրդարանական ժողովրդավարության մասին հանրության իրազեկվածության բարձրացման գործում ծրագրի կատարած աշխատանքը նույնպես նոր սկիզբ եւ նոր մոտեցումներ է բերել՝ ռազմավարական հայեցակարգի մշակման եւ ԱԺ-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Համատեղ իրականացված կարեւոր գործողությունների շարքում ՀՀ ԱԺ նախագահն առանձնացրել է նաեւ Ազգային ժողովի թվայնացման օրակարգը եւ գենդերային հավասարության ու սոցիալական ներառման հայեցակարգը: «Մենք համագործակցում ենք «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի թիմի հետ կարողությունների զարգացման, որոշումների կայացման մեջ կանանց մասնակցությանը նպաստելու ուղղությամբ, եւ այն որպես օրինակելի մոդել՝ ծառայեցնելու ամբողջ կառավարման համակարգում»,- նշել է օրենսդիր մարմնի ղեկավարը:

Փաստելով, որ զգալի աշխատանք է կատարվել՝ Ալեն Սիմոնյանն աջակցության հնարավորության համար երախտագիտություն է հայտնել Շվեդիային եւ այդ հնարավորությունն Ազգային ժողովում արդյունավետ իրականացնելու համար՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ու հույս հայտնել, որ, չնայած ծրագիրը ավարտական փուլում է, բայց կունենա տրամաբանական շարունակություն:

ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի խոսքով Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Նրա գնահատմամբ ծրագիրը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգի բարելավմանը, օրենսդրական վերահսկողությանը եւ ներկայացվածությանը: Դեսպանը ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների համատեքստում խոսել է, մասնավորապես, Շվեդիայի խորհրդարան այցի, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ արդյունավետ համագործակցության, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» հաջողված նախաձեռնության մասին:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում եղել են բազմաթիվ մարտահրավերներ, սակայն միասնական աշխատանքի շնորհիվ մեծ ձեռքբերումներ են գրանցվել: ԱԺ գործունեության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացման տեսանկյունից զեկուցողը ներկայացրել է ծրագրի շրջանակում ԱԺ տեխնիկական հագեցվածության մասով իրականացվող քայլերը: Ներկայացնելով հանրային կարծիքի գնահատման արդյունքները՝ Նաթիա Նացվլիշվիլին փաստել է, որ դրանք վկայությունն են խորհրդարանի թափանցիկության:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն էլ ընդգծել է ծրագրի կայունությունը, թափանցիկությունն ու ներառականությունը: Պատգամավորը կարեւորել է այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում կա համագործակցություն ընդդիմադիր գործընկերների հետ: Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է նաեւ երիտասարդների ներգրավվածության մասին՝ փաստելով, որ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ծրագիրը մնայուն է, միտված է ապագային:

Ծրագրի նպատակների, գրանցված արդյունքների եւ հետագա քայլերի մասին խոսել է ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը՝ ներկայացնելով խորհրդարանի ու աշխատակազմի մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացման հարցում իրականացված գործողություններն ու միջոցառումները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանն ու Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւս կարեւորել են ծրագրի արդյունավետությունը եւ հույս հայտնել, որ այն կլինի շարունակական: Նրանք մատնանշել են ծրագրի այն բազմաթիվ միջոցառումները, որոնք միտված են եղել ՀՀ ԱԺ աշխատանքների բարելավմանը, աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

Նիստի ավարտին հաստատվել է 2023 թվականի աշխատանքային պլանը:

Նիստի մասնակիցները նշել են, որ պատրաստակամ են զարգացնելու սերտ համագործակցությունը: Նրանք հույս են հայտնել, որ արդյունավետ ծրագիրը կլինի շարունակական:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագիրն իրականացվում է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am